«Նախկինում այն արժեր 12 եվրո, իսկ հիմա՝ 19,50 ». Բուլղարիայի վարչապետը հայտնել է Pfizer պատվաստանյութի կտրուկ թանկացման մասին
Եվրամիության համար Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութի գինը 12 եվրոյից հասել է 19,5-ի: Ըստ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի՝ հենց այս գնով է Եվրահանձնաժողովը 2022 և 2023 թվականներին Pfizer ընկերության հետ պատվաստանյութերի մատակարարման պայմանագրեր կնքել, հաղորդում է Euractiv-ը:
Երկրի ղեկավարը, անդրադառնալով պատվաստանյութի գներին, շեշտել է, որ երկու ամսվա ընթացքում Բուլղարիա կմատակարարվի Pfizer-ի շուրջ 2,7 միլիոն դեղաչափ:
«Նախկինում Pfizer-ն արժեր 12 եվրո: Այնուհետև դրա գինը դարձել է 15,50 եվրո, իսկ այժմ պայմանագրեր են կնքվում 900 միլիոն դեղաչափ պատվաստանյութի մատակարարման առնչությամբ, որի համաձայն՝ մեկ դեղաչափն արժե 19,50 եվրո»,- ասել է Բորիսովը:
Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: