Իսրայելը պայթյուն է կազմակերպել իրանական միջուկային օբյեկտում
Իսրայելը պայթյուն է կազմակերպել Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ այս միջադեպի վերաբերյալ տվյալները դեռ «կցկտուր» են:
Հաղորդվում է, որ Նաթանզի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել «մանրամասն պլանավորված պայթյունի» պատճառով: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ եւ Իսրայելի հետախուզության աշխատակիցները հայտարարել են, որ «դրանում դեր է խաղացել Իսրայելը»:
Թերթի հետախուզական աղբյուրները կարծում են, որ վնասը կարող էր «պատճառվել հզոր պայթյունից», որն «ամբողջությամբ ոչնչացրել է անկախ եւ լավ պահպանվող ներքին էներգահամակարգը, որը սնուցում է ուրանի հարստացման ստորգետնյա ցենտրիֆուգները»: Նրանց խոսքով՝ «իսրայելական գաղտնի օպերացիա» է իրականացվել: Պարբերականի զրուցակիցները նշել են նաեւ, որ պայթյունի պատճառով «ուժեղ հարված է հասցվել ուրանի հարստացման Իրանի կարողությաններին»: Հրապարակման մեջ ասվում է, որ Նաթանզում աշխատանքը վերսկսելու համար կարող է առնվազն 10 ամիս պահանջվել:
«ԱՄՆ պաշտոնյան հաստատել է Իսրայելի մասնակցությունը Նաթանզի էլեկտրամատակարարման դադարեցմանը»,- ասվում է հոդվածում:
Ապրիլի 11-ին հայտնի էր դարձել, որ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտի էլեկտրաբաշխման ցանցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել:
Իրանի փոխնախագահ, երկրի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին միջադեպը որպես ահաբեկչական գործողություն է որակել եւ շեշտել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել: