Ապրիլի 24-ին պետք է անցյալում թողնենք հրամցվող օրակարգը, թրքասերներին խորհուրդ եմ տալիս չերևալ Ծիծեռնակաբերդում․ Արամ Գ․ Սարգսյան
Ապրիլի 24 -ը պետք է այն ջրբաժանը դառնա, որով պետք է անցյալում թողնենք օրակարգը, որը հիմա հրամցվում է և նորից հաստատենք, որ ազգը միասնական և կարող է լուծել իր առջև դրված համազգային խնդիրները, մենք այս կոչով դիմում ենք թե՛ հանրությանը, թե՛ քաղաքական ուժերին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայահավաքի» կազմկոմիտեի ներկայացուցիչ, «Դեմոկարտական» կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը։
Նա նշեց՝ ունեն մտահոգություններ, որ արտահերթ ընտրությունների միջոցով այս իշխանությունները կարող են փորձել լեգիտամացնել նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ բարեկամության վտանգավոր թեզերը։
«Ապրիլի 24 -ը հայության հնարավոր ներուժը միավորելու, նոր գաղափարաներով առաջ շարժվելու օր պետք է դառանա, որքանով դա կհաջողվի, կտեսնենք առաջիկայում։ Եթե այս իշխանությունները հեռացվեն, մնացած հարցերը կլուծվեն։ Այս իշխանության օրոք որևէ համազգային հարցի հայանպաստ լուծումը հնարավոր չէ։ Բոլոր նրանք, ովքեր թրքասեր չեն, ովքեր իսկապես իրենց հայ ինքնությունը հաստատում են, այդ օրը պետք է լինեն Ծիծեռնակաբերդում։ Ես ասել եմ՝թրքասերներին ուղղակի խորհուրդ եմ տալիս ընդհանրապես չերևալ այնտեղ»,-ասաց նա։
Արամ Սարգսյանի խոսքով՝ մթնոլորտը երկրում հակասում է արդար ընտրություններ անցկացնելուն։
«Անհրաժեշտ է այս իշխանությանն ուղարկել թոշակի, որից հետո պետք է լինի անցումային ժամանակահատված։ Ես գտնում եմ, որ նախագահի ինստիտուտը պիտի աշխատի այս պահին, խոսքը անձի մասին չէ, այլ ինստիտուտի։ Պետք է ձևավորվի կառավարություն, որտեղ կլինեն միայն տեխնոկրատներ, որից հետո 6-8 ամիս հետո միայն կարելի է անցկացնել ընտրություններ»,-ասաց նա։
Անդրադառնալով Մեղրի հնարավոր հանձման թեմաներին, ապա Արամ Սարգսյանն ասաց, որ որքան էլ ցանկանան, այս իշխանություններն այլևս չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, այժմ մեր սահմանների պաշտպանությունը հանձնված է ՌԴ-ին։
«Այդ տղան կատարյալ խառնակիչ է, ամեն անգամ մի նոր բան է հորինում, կամ նրանք, ովքեր իրենց խմբին ղեկավարում են, համապատասխան տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի զբաղվենք դատարակ քննարկումներով, որպեսզի շարունակի իր սև գործը կատարելը։ Դրա համար ևս մենք անգամ կոչ եմ անում հայությանը ապրիլի 24-ին միանալ մեր նշած ակցիային»,-եզրափակեց նա։