Գերմանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին կոչ է արել բացահայտել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքեր կուտակելու պատճառները, եթե թաքցնելու ոչինչ չունի
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը թաքցնելու որևէ բան չունի, ապա կարող է բացատրել իր զորքերի տեղաշարժերը Ուկրաինայի հետ սահմանին, հաղորդում է ТАСС-ը:
Արևմտյան տարբեր երկրներ վերջին օրերին մտահոգություն են հնչեցնում ուկրաինական կողմի այն հայտարարությունների առնչությամբ, որ Ռուսաստանը իրենց հետ սահմանին զորքեր ու զինտեխնիկա է կուտակում:
Այդ առնչությամբ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում իրենց զորքերի տեղաշարժերն այլ պետությունների չպետք է մտահոգեն, որովհետև որևէ մեկին այդ տեղաշարժերը չեն սպառնում: Պեսկովը նաև շեշտել էր՝ Ռուսաստանն ինքն է որոշում, թե իր զորքերն իր տարածքում երբ և ինչպես տեղաշարժվեն՝ ընդգծելով, որ Դոնբասում կատարվողը ներուկրաինական խնդիր է, և որ ռուսական զորքերը երբեք այնտեղ ընթացող զարգացումներում ներգրավված չեն եղել:
Դոնբասում փետրվարի վերջից իրավիճակը սրվեց էլ, ամեն օր հաղորդվում է կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին, կողմերը հաղորդել են փոխադարձ կրակոցների, հրետակոծությունների, նաև՝ ԱԹՍ-ների կիրառման պատճառով կորուստների մասին՝ լարվածություն հրահրելու մեջ միմյանց մեղադրելով: