Իտալիայում որոշում է կայացվել չդատել երկրի նախկին ՆԳ նախարար Մատեո Սալվինիին՝ միգրանտների առեւանգման համար
Իտալացի դատախազությունը շաբաթ օրը հայտնել է, որ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին չպետք է քրեական հետապնդման ենթարկվի միգրանտների ապօրինի պահման համար, հաղորդում է Reuters-ը:
Աղմկահարույց գործը, որի մասով պահանջել էին վկայություն տալ նաեւ նախկին վարչապետ Ջուզեպե Կոնտեին, կապված է 2019-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ այն ժամանակ ՆԳ նախարար Սալվինին վեց օր շարունակ ավելի քան 100 մարդ էր թողել նավի վրա՝ սպասելով, թե եբ եվրոպացի դաշնակիցները կհամաձայնեն տեղափոխել նրանց:
Մեղադրող կողմը պնդում է, որ Սալվինին առեւանգել է միգրանտներին՝ թույլ չտալով նրանց իջնել «Գրեգորետի» նավից եւ պահել է նրանց շոգին ծովում:
Դատախազ Անդրեա Բոնոմոն շաբաթ հայտարարել է, որ նախկին նախարարը չպետք է դատարանի առջեւ կանգնի, քանի որ նրա որոշումը չի խախտում միջազգային պայմանագրերը եւ չպետք է առեւանգում համարվի՝ հաշվի առնելով, որ առափնյա պահպանության նավն այսպես կոչված անվտանգ վայր է, որտեղ միգրանտները բժշկական օգնություն եւ աջակցություն են ստանում:
Բոնոմոն, ելույթ ունենալով դատական նիստին, հավելել է, որ կառավարությունը սատարում է Սալվինիի որոշմանը եւ, ընդհանուր առմամբ, նրա քաղաքականությանը՝ հաշվի առնելով, որ կոալիցիան Եվրոպային խնդրել՝ դաշինքում միգրանտների բաշխման մեկ այլ մեխանիզմ քննարկել:
Դատավարությունը շարունակելու մասին որոշումը դատավորը կկայացնի մայիսի 14-ին: