Երևանի Գուրգեն Մահարի փողոցը պատուհաս է դարձել. ամեն օր կա´մ ավտովթար է լինում, կա´մ վրաերթ
Երևանի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցին բնակիչները մահվան ճանապարհ անունն են տվել։ Վարորդներն արագաչափն անցնելուց հետո մեծացնում են արագությունը, ինչի հետևանքով վթարներ այստեղ լինում են գրեթե ամեն օր։
Խոշոր ավտովթարների տեսարանները բնակիչների համար արդեն սովորական են։ Փողոցն իսկական պատուհաս է դարձել, կա՛մ ավտովթար է լինում, կա՛մ էլ վրաերթ։
Փողոցում հետիոտնի համար նախատեսված անցում կա դպրոցի դիմաց, բայց փողոց անցնելը նույնիսկ անցումով ապահով չէ․ անցումը չի օգնի, քանի դեռ լուսացույց ու արագությունը զսպող երևէ բան տարածքում չկա։ Բնակիչները բազմիցս դիմել են Ճանապարհային ոստիկանություն՝ ևս մեկ արագաչափ, լուսացույց, կամ արագությունը նվազեցնող արհեստական անհարթություններ տեղադրելու հարցով։
Ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տվել ստորագրահավաք անել՝ խնդրին լուծում տալու համար։