«Հանուն ձեր առողջության` մոռացեք Թուրքիա գնալու մասին». Պետդումայի պատգամավորը դիմել է ռուսներին
Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ռոսպոտրեբնադզոր»-ի նախկին ղեկավար Գենադի Օնիշչենկոն ռուսներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց` համաճարակաբանական վատ իրավիճակի պատճառով և օգտվել Ռուսաստանի «հսկայական ժամանցային հնարավորություններից», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հինգշաբթի, վերջին տաս օրվա ընթացքում 7-րդ անգամ, Թուրքիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 55 941-ի։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով բարդանում է և մուտացված տարբերակները Ռուսաստան են բերվել հենց այնտեղից։
Օնիշչենկոն լրագրողներին ասել է․ «Իմ սիրելի ռուսներ, եկեք այս ամառ օգտվենք մեր երկրի ժամանցային հսկայական ներուժից՝ Ղրիմում, Սև ծովի ափին, Աբխազիայում։ Սա հարստություն է, որից պետք է օգտվել։ Թուրքիա մեկնելու կարիք չկա»։
Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի առողջապահական համակարգը չի հաղթահարում առկա իրավիճակը և տեղեկացրել, որ այս շրջանում այնտեղ պատվաստումներ չեն լինելու։
«Կարիք չկա գնալ Թուրքիա՝ սեփական գումարով վարակվելու համար։ Հանուն ձեր առողջության` մոռացեք այդ մասին», - հավելել է նա և «Ռոստուրիզմ»-ին խորհուրդ տվել օգտվել այդ իրավիճակից ու ամեն ինչ անել որակը բարձրացնելու համար։