Կառավարության հրաժարականից հետո գործադիրի անդամները, այդ թվում՝ վարչապետը շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր Կառավարության կազմավորումը. Զոհրաբյանը՝ առկա իրավակարգավորման մասին
Կառավարության հրաժարականից հետո գործադիրի անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո իրավունք ունի պաշտոնավարել, ի՞նչ է սահմանված օրենքով:
«Նկատի ունենալով այն, որ վարչապետը նույնպես համարվում է կառավարության անդամ, ապա վերջինս նույնպես շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունների կատարումը: Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու օրը: Վարչապետը շարունակելու է կատարել իր պարտականությունները մինչև մյուս կառավարության կազմավորումը»,-ասաց նա:
Թե ինչ իրավական կարգավորում ունի խորհրդարանական երեք ուժի պայմանավորվածությունը՝ չառաջադրել վարչապետի թեկնածու և գնալ արտահերթ ընտրությունների, Արա Զոհրաբյանը նշեց՝ չունի որևէ իրավական կարգավորում: «Ի դեպ, առաջին անգամ Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն վարչապետի թեկնածու առաջադրել, իսկ երկրորդ անգամ՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդը: Արտահերթ ընտրությունների օրը նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահինն է: Վարչապետը իրավաբանորեն կարող է որոշել իր միայն հրաժարական տալու հարցը»,-տեղեկացրեց նա: