Գերիների հարցի վերաբերյալ Ադրբեջանի կողմից բարի կամք չի լինելու, դա պետք է հասկանա ՀՀ ներկա իշխանությունը. Հրանտ Միքայելյան
Թեև տեղյակ չեմ, թե գերիների վերադարձի վերաբերյալ ինչ գործընթաց է տեղի ունեցել Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև, բայց ակնհայտ է՝ գերիների հարցը չլուծվեց: Բաքուն հարցը առևտուրի է վերածում և հարց է ծագում, թե մենք ի՞նչ ունենք առաջարկելու գերիների դիմաց. երբ դեկտեմբերին դե ֆակտո ՀՀ իշխանություններն Ադրբեջանի բոլոր գերիներին հանձնեցին, վերջինս հայ գերիներից ոչ մեկին էլ չի վերադարձնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո նշեց, որ Ռուսաստանի նախագահի հետ բաց հարաբերություններ են հաստատվել, համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել, և հարցին՝ թե ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քաղաքագետը նշեց՝ հայտարարությունների մակարդակով Հայաստանի և Ռուսաստանի հետ հարաբերություններն երբեք վատ չեն եղել, հարց է, թե ի՞նչ է այդ հայտարարություններից բացի տեղի ունենում.
«Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը, կարելի է ասել, կարևոր է Հայաստանի համար, սակայն կարևոր հարց է՝ ինչ է արվում: Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը ատոմակայանի վերաբերյալ ռուսական վարկը մերժել է, այդ թվում՝ դրսի ուժերի դրդմամբ, Ռուսաստանում, իհարկե, դրա մասին տեղյակ են: Ի՞նչ է տեղի ունեցել, այս հարցի պատասխանը մենք դեռ չունենք: Կամ ի՞նչ է արվում ռազմատեխնիկական կամ ռազմական համագործակցության շուրջ, մենք որևէ քայլ չենք տեսնում, բայց տեսնում ենք, որ ԳՇ ղեկավար նշանակվում է մարդ, ով վարկաբերկված է նույն դե ֆակտո իշխանությունների կողմից»,-ասաց Միքայելյանը:
Դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ հրադադարը Ղարաբաղում լավ հնարավորություն է, եթե Հայաստանը դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան, և հարցին՝ ապրիլի 24-ին ընդառաջ այս հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել Թուրքիայի կողմից որպես հերթական խորամանկ դիվանագիտական քայլ՝ հաշվի առնելով, որ կարծիքներ կան, թե ԱՄՆ նոր վարչակազմը շատ մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քաղաքագետը նշեց, որ գործող իշխանություններն այսպիսի էժանագին մանիպուլյացիաների չպետք է տրվեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: