Ըստ ՄԱԿ-ի՝ մինչև 2050 թ. ՀՀ-ում բնակչությունը նվազելու է, իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում՝ աճելու. սա ահազանգ է, որ շարունակելու ենք պարտվել,եթե երկրում իրական փոփոխություններ չլինեն. Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ «Իշխանության դեմոգրաֆիական շլացուցիչ ստերի մասին» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է՝ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն: Գրառումը՝ ստորև.
«2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու»: Ինչպես միշտ մարդիկ ծափահարեցին այս շլացուցիչ գաղափարին, առանց հարցնելու՝ բա ո՞նց։
Մեկ տարի հետո՝ 2020 թվականին ոչ միայն չտեսանք 5 մլն-ի սկիզբը, այլև իշխանության տգետ և անպատասխանատու կառավարման հետևանքով մոտավորապես 4000 տղամարդ կորցրինք և հազարավոր կանանց զրկեցինք լիարժեք ընտանիք ունենալու երջանկությունից։ Էլ չասեմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկրում սեռերի հավասարակշռության խախտման հետևանքով։
Ուզում եմ տեղեկացնել, որ հրապարակվել են ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումները, համաձայն որի Հայաստանում բնակչության թվաքանակը մինչև 2050 թվականը նվազելու է՝ 2 միլիոն 959 հազար մարդուց հասնելով 2 միլիոն 816 հազարի։ ՀՀ-ում գրանցվել է ծնելիության ամենացածր գործակիցը տարածաշրջանում։
Իսկ Ադրբեջանում, Թուրքիայում և Իրանում բնակչությունը կաճի։
Սա ահազանգ է, որ մենք շարունակելու ենք պարտվել, եթե մեր երկրում իրական և կտրուկ փոփոխություններ չլինեն»: