Ղրղզստանի նախագահը հայտնել է, որ 3000 բժիշկ ցածր վարձատրության պատճառով դուրս է եկել աշխատանքից
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ասել է, որ 3000 բժիշկ դուրս է եկել աշխատանքից՝ ցածր աշխատավարձի պատճառով, հայտնել է EurAsia Daily լրատվական կայքը և հավելել, որ առողջապահության ոլորտում առկա աղետալի իրավիճակը շտկելու նպատակով ապրիլի 1-ից ընտանեկան բժշկության կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կկրկնապատկվեն:
«Ներկայում երկրի բժշկական ոլորտում 3000 թափուր աշխատատեղ կա, որովհետև բժիշկները ցածր աշխատավարձի պատճառով թողել են աշխատանքը։ Մենք պետք է վերադարձնենք նրանց՝ համապատասխան պայմաններ ստեղծելով», - ասել է Ժապարովը։
Նրա խոսքով` երկրի բոլոր քաղաքացիներն այժմ դժվար ժամանակաշրջան են ապրում․ աշխատավարձերը, կենսաթոշակները և նպաստները բարձրացնելու հրատապ անհրաժեշտություն կա: Սակայն հնարավոր չէ բոլորին լավություն անել, քանի որ գումարը քիչ է և առայժմ միայն բժիշկների աշխատավարձերն են բարձրացվում: