ԱՄՆ-ում Johnson & Johnson-ով պատվաստումների 2 կենտրոն է փակվել. մոտ 30 անձի մոտ կողմնակի ազդեցություններ են նկատվել
ԱՄՆ-ում Johnson & Johnson դեղագործական ընկերության մշակած դեղամիջոցով պատվաստվումներ իրականացնելուց հետո ժամանակավորապես փակվել է զանգվածային պատվաստումների երկու կենտրոն՝ մի քանի տասնյակ մարդու մոտ հայտնաբերված կողմնակի ազդեցությունների պատճառով, գրում է Wall Street Journal-ը:
Մասնավորապես, իրենց աշխատանքներն են դադարեցրել Հյուսիսային Կարոլինայում և Կոլորադոյում գտնվող պատվաստումների կենտրոնները:
«Առաջին կենտրոնը դադարել է աշխատել այն բանից հետո, երբ պատվաստված 18 մարդու շրջանում կողմնակի ազդեցություններ են նկատվել», - ասվում է զեկույցում:
Ինչ վերաբերում է երկրորդ կենտրոնին, ապա այն ժամանակավորապես փակվել է 10 պատվաստված անձի բողոքներից հետո, որոնց մոտ նկատվել են տարբեր ախտանիշներ՝ գլխապտույտից մինչ սրտխառնոց:
Johnson & Johnson-ի մամուլի քարտուղարն այս առնչությամբ ասել է, որ ընկերությունն ուշադիր ուսումնասիրում է պատվաստանյութի պատճառած կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ցանկացած հաղորդագրություն:
Նշենք՝ դեղագործական ընկերություն մշակած այս պատվաստանյութը, ի տարբերություն մնացածների, պահանջում է ընդամենը 1 ներարկում: Դրա արդյունավետությունը կազմում է 66 տոկոս: Այն օգտագործվում է 18-ից բարձր տարիքի անձանց պատվաստման համար։