Եթե ավելացված արժեքի հարկը գանձվի ուսանողական վարձավճարներից, ապա բուհերը ստիպված կլինեն վարձավճարներն ավելացնել. կրթության փորձագետը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին
Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ավելացված արժեքի հարկը սկսելու է գանձվել ուսանողական վարձավճարներից: Դա նշանակում է, որ վարձավճարները պետք է ստիպված բարձրացվեն, որովհետև բուհերը չեն կարողանա վարձավճարից 20 տոկոս ավելացված արժեքի հարկը իրենք վճարեն և ստացվելու է, որ առաջիկա ուսումնական տարվանից բարձրագույն կրթությունը, որն առանց այդ էլ մատչելի չէր, կդառնա ավելի քիչ մատչելի. Tert.am-ի հետ զրույցում ասել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում առկա մի շարք փոփոխություններին:
«Սա աղետալի հետևանքներ կարող է ունենալ, կրթության որակն էլ ավելի կվատանա, որովհետև դիմորդների թիվը կնվազի: Այն մասնագիտությունները, որոնք հեռանկարային նշանակություն ունեն մեր երկրի համար, հնարավորություն չեն ունենա զարգանալ: Դպրոցների շրջանավարտների համար ավելի հարգի է դիմել այն բաժիններ, որոնք կապ չունեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության հետ, հիմնականում դիմում են իրավագիտություն, տնտեսագիտություն բաժիններ»:
Մխիթարյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ այն ֆակուլտետները, որտեղ քիչ են դիմորդները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն, անվճար տեղերն ավելացվեին՝ խրախուսելով դիմորդներին այդ ֆակուլտետներ ընդունվել. «Մատների վրա կարելի է հաշվել այդ ֆակուլտետներում ընդունվողներին, մինչդեռ մենք ժամանակին ունեինք ֆիզիկայի ոլորտի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք Խորհրդային Միության մասշտաբով առաջնային դիրքեր էինք զբաղեցնում»:
Անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ դիմորդը չի կարող բուհ դիմելիս նշել մի քանի բաժին, Մխիթարյանը նկատեց՝ թեև Կառավարության այդ որոշումը ներկայացվեց իբրև դրական փոփոխություն, բայց այն նորանոր խնդիրներ է ստեղծում.
«Նախկինում դիմորդն իրավունք ուներ դիմելու մի քանի բուհ՝ մի քանի մասնագիտությամբ և հավաքած միավորների համաձայն՝ ըստ հերթականության ընտրելու հնարավորություն ուներ, իսկ այս տարի յուրաքանչյուր դիմորդ իրավունք ունի դիմելու ընդամենը մեկ բուհ՝ մեկ մասնագիտությամբ: Չընդունվելու դեպքում պետք է սպասի, եթե որոշ բուհերում որոշ մասնագիտություններով թափուր տեղեր մնան, նոր կարող է դիմել այդ մասնագիտությամբ: Արդյունքում՝ շրջանավարտները կրկին դիմելու են այնպիսի մասնագիտություններով, որտեղ միշտ կոնկուրսը շատ է և դուրս են մնալու, որովհետև բոլորը չէ, որ կարողանալու են ընդունվել այդ բաժիններ, իսկ հարակից մասնագիտությունները, որոնք կան այլ բուհերում, բոլոր տեղերը կզբաղեցվեն: Առաջին հայտով դիմողները երկու քննության արդյունքով, օրինակ, 20 միավորով կընդունվեն, իսկ երկու քննության արդյունքով և բարձր միավորներ հավաքած դիմորդներն ուղղակի դուրս կմնան»:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուրում: