Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել փորձած 3 երիտասարդ բերման է ենթարկվել. Ներսես Ներսեսյան. Tert.am
Սխալ կլինի նշել, որ երիտասարդներին ձերբակալել են, նրանց պարզապես բերման են ենթարկել և ստուգել անձնագրերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայ դատի» Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի հայ փաստաբանների ասոցիացիայի անդամների հանդիպմանը, որի ժամանակ 3 երիտասարդի բերման են ենթարկել:
«Ապրիլի 7-ին 3 երիտասարդի դուրս են հրավիրել, որպեսզի ստուգեն նրանց անձնագրերը և անձնագրերի հավաստիությունը, կնիքների առկայությունը ստուգելու համար տեղափոխել են համապատասխան բաժին եւ ճշտումներից հետո, որոնք տեւել են մոտ 3 ժամ, երիտասարդներին բաց են թողել»,- ասել է Ներսես Ներսեսյանը:
Նա նաև նշել է՝ նրանց բաց են թողել մի քանի ժամ անց, երբ պարզ է դարձել, որ որեւէ անօրինականություն նրանց կողմից չի կատարվել:
«2 աղջիկ և 1 տղամարդ են բերման ենթարկվել, որեւէ ճնշում, կամ բռնություն չի եղել նրանց նկատմամբ, բայց ուղղակիորեն իրավիճակն էր մի փոքր տհաճ, քանի որ անշնորհքություն, արտառոց պահվածք նրանց կողմից չի եղել, ամենայն հավանականությամբ ոստիկանության աշխատակիցներին մեր հայ անվտանգությունից են հորդորել բերման ենթարկել նրանց»,- նշել է նա: