Փաշինյանի շարունակվող պաշտոնավարումը տանում է պետության կազմաքանդման, նրա վերարտադրությունը կլինի մեր պետականության ֆիասկոն. Պետրոս Մակեյան (տեսանյութ)
Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման արդյունքները հետագայում մեզ համար կարող են ցավալի լինել, կա մտավախություն, որ լուրջ գործարք է եղել՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը վերածել հայ-ադրբեջանական պայմանագրի, մեզնից հերթական զիջումներն են կորզելու. հիմա այլևս Փաշինյանից ոչինչ կախված չէ, նա ընկել է հոսքի մեջ և գնում է, ինքնապաշտպանության բնազդ անգամ չկա, իսկ վճարվող գինը մեր երկրի ինքնիշխանությունն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Երկու տարի առաջ արդեն ակնհայտ էր պատերազմի ահազանգը, չէր կարելի մարդկանց սևի ու սպիտակի բաժանել։ Նոյեմբերի 9-ից հետո մեր անկումը շարունակվում է և կշարունակվի այնքան, քանի դեռ այս իշխանությունը մնում է, մենք պետք է կանգնեցնենք այս ընթացքը։ Երկրի կառավարման համակարգը կազմաքանդված է։ Փաշինյանը Մոսկվայում ոչ թե բանակցում է, այլ հանձնարարություններ է ստանում, ուրիշ երկրներ չի էլ գնում, քանի որ չի կարող»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Մակեյանի՝ իշխանությունը հայ-թուրքական բարեկամության նպատակային քարոզ է տանում՝ ապրիլի 24-ին ընդառաջ կանխելու ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. «Միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանության խնդիրն օգտագործում է Փաշինյանի միջոցով։ ՀՀ բոլոր քաղաքական գործընթացները ստվերային են։ Հունիսի 20-ին կարող է ընտրություն չլինել, Փաշինյանին հույս են տվել, թե նա 30 տոկոս ունի։ Եթե «Հայրենիքի փրկության շարժումը» կանխի իր քաղաքական գործընթացները, Փաշինյանի վարկանիշը կզրոյանա, նա կարող է ֆիասկո ապրել, այդ պատճառով մտածում է՝ գնա՞լ ընտրության, թե՞ ոչ։ Դե իսկ խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանի միջոցով է այնտեղ բերվել և ենթարկվում է իր խաղի կանոններին»:
Ընդդիմադիր կուսակցապետի կարծիքով՝ վերջին երեք տարում ինտենսիվորեն գնացել ենք պարտության, այս իշխանությունը մոտեցրեց պատերազմը. «Որևէ մեկը լավրովյան պլանը կյանքի չէր կոչի, բացի այսպիսի իշխանությունից։ Նրանց բերել էին դրա իրագործման համար, այն Մինսկի խմբի լուռ համաձայնությամբ պետք է կյանքի կոչվեր։ Բայց արդյունքում կորցրինք ամեն ինչ՝ այսօր Թուրքիան ներգրավվել է Հարավային Կովկասում, ունենք 5000 զոհ, դա կարող էր անել միայն «հեղափոխությամբ» եկած իշխանությունը»:
Պետրոս Մակեյանի պնդմամբ՝ այսօր համընդհանուր ապատիա է, բայց բավարար քաղաքական վճռականության դեպքում իշխանությունը հաշված ժամերի ընթացքում կհեռացվի. «Ամենաճիշտը կլիներ, որ Փաշինյանը հրաժարվեր այս ընտրությանը մասնակցելուց, իր կազմակերպած ընտրությունները չեն կարող լինել ազատ, արդար և թափանցիկ, դա բացառված է։ Իրենց վերարտադրումը կլինի մեր պետականության վերջը։ Բայց այս իշխանության կազմակերպած ընտրության արդյունքում հենց իրենք են ֆիասկո ապրելու։ Փաշինյանին պետք են ֆիզիկական անվտանգության երաշխիքներ։ Իրենց պաշտոնավարման շարունակումը մեր պետականության կորուստն է, պետության կազմաքանդման գործընթացի ավարտը»,- ամփոփել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը: