«Զելենսկիի հիմնական նպատակն ուկրաինական հարստությունը թալանելն ու, Արևմուտքի շահերից ելնելով, երկրի տարածքը ՌԴ-ի դեմ պայքարի հարթակի վերածելն է»․ ընդդիմադիր պատգամավոր
Ռադայի պատգամավոր, «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության անդամ Ռենատ Կուզմինը խոսել է Վալդիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում հիմնական նպատակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ նրա, հեռուստաընկերությունների և կուսակցությունների վրա դրված արգելքը երկրում պետական իշխանությունն ուզուրպացնելու նպատակ է հետապնդում։ Կուզմինը Первый независимый հեռուստաալիքի եթերում ասել է․ «Երկրում իշխանության զավթումը կամ ուզուրպացումն իրականացվում է արևմտյան կապիտալի շահերից ելնելով՝ նպատակ ունենալով թալանել ուկրաինական հարստությունը, կողոպտել ուկրաինացի ժողովրդին և օգտագործել Ուկրաինայի տարածքը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում»։
Պատգամավորը նշել է, որ նման գործողությունները ճնշում են երկրում լրատվամիջոցների և կուսակցությունների արտահայտման ազատությունը։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահը փետրվարի 12-ին իր թվիթերյան էջում հայտնել էր NewsOne և ZIK հեռուստաընկերությունների, դրանց սեփականատիրոջ («Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Տարաս Կոզակ) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին։ Պատժամիջոցները ներառում են մի շարք սահմանափակումներ, այդ թվում` ակտիվների սառեցում և արտոնագրերի կասեցում։
Վերոնշյալ ալիքներն այսուհետ հասանելի են միայն YouTube հարթակում։