Հայաստանում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր կստեղծվի
Հայաստանում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր կստեղծի, որի նպատակն է բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է Հայաստանում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ներդրմանը:
«Փոփոխության նպատակն է բարձրացնել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետությունը: Կենտրոնացված ռեեստրը հետագայում թույլ կտա զարգացնել տարբեր նորարարական գաղափարներ՝ քաղաքացիների հաշիվների ավտոմատացման, թվային արժեքի ներդրման եւ միջազգային փոխանցման նոր համակարգերի ներդրման համար: Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից արդյունավետությունը կայանում է նրանում, որ տարբեր տեսակի վերլուծությունների եւ իրավապահ մարմինների հետ հաղորդակցման ժամանակ կասկածի տակ կառնվեն բոլոր հաշիվները եւ բանկերը»,-պարզաբանեց Երիցյանը:
Այդպիսով, տվյալ ռեեստրի միջոցով հավանություն կստանան այն սելեկտիվ հաշիվները, որոնք խնդրո առարկա են:
Նա վստահեցրեց, որ նախնական մնացորդի, հաշիվների շարժերի եւ դրանց վերջնական մնացորդի մասին տեղեկությունը կհավաքագրվի եւ կպահպանվի:
Երկարատեւ քննարկումներից հետո հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը: