Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների գործը կարճվել է. հանցակազմ չեն գտել
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հեռախոսազրույցի գաղտնալսման եւ հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Նա ասաց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն) կարճվել է:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործին, ապա սրանով նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող եւ հարցաքննվել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել youtube.com-ում տեղադրված ձայնագրությունը: Հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունում Արթուր Վանեցյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին «Մարտի 1-ի» գործը: