Հնդկաստանի ամենահարուստ նահանգը նախազգուշացրել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին ամբողջական լոքդաունի մասին
Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի գլխավոր նախարարը ուրբաթ նախազգուշացրել է ամբողջական լոքդաուն սահմանելու մասին՝ կորոնավիրուսային ինֆեկցիան զսպելու համար, եթե մարդիկ իրենց տեղաշարժը չսահմանափակեն, քանի որ երկրում վերջին 6 ամսում COVID-19-ի ռեկորդ է գրանցվել, հայտնում է Reuters-ը:
Հնդկաստանում ամենահարուստ նահանգ համարվող Մահարաշթրան կորոնավիրուսի հետեւանքով սաստիկ տուժել է. հիմա երկրում գրանցված է ընդհանուր 12,3 մլն դեպք, ներառյալ վարակման 81 466 նոր դեպք, որոնք, ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների, գրանցվել են երեկ՝ ուրբաթ:
«Սա նախազգուշացում համարեք, որ ես կարող եմ առաջիկա երկու օրերին սահմանել ամբողջական լոքդաուն, եթե ամեն ինչ շարունակի մնալ նախկինի պես»,- հեռուստաուղերձում ասել է Մահարաշթրա նահանգի գլխավոր նախարար Ուդհավ Թեքերեյը:
Նա նշել է, որ մարդիկ նախազգուշական անհրաժեշտ միջոցներ չեն ընդունում, օրինակ՝ չեն կրում դիմակ եւ չեն խուսափում ոչ անհրաժեշտ ուղեւորություններից:
«Նահանգում իրավիճակը մտահոգություն է հարուցում: Եթե այն շարունակվի, ապա առաջիկա 15-20 օրերին առողջապահության մեր ենթակառուցվածքները անբավարար կլինեն»,- հավելել է Թեքերեյը:
Հնդկաստանը կորոնավիրուսի հետեւանքով մահացությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, եւ մի քանի նահանգներ քննարկում են նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Երկրում մահացածների թիվը հասել է 163 396-ի, ուրբաթ հաղորդվել էր մահվան 469 նոր դեպքի մասին: