Վարչապետ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։
Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։