Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո 27 մարդու մոտ կողմնակի ազդեցություն է գրանցվել
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո 27 մարդու մոտ կողմնակի ազդեցություն է ի հայտ եկել։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում են երկու պատվաստանյութով՝ AstraZeneca եւ Pfizer։
«Կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ մարդու մոտ պատվաստումից հետո։ Այսօրվա դրությամբ մենք նման 27 դեպք ենք գրանցել։ 4 դեպքում պահանջվել է ինտենսիվ թերապիա, 3 դեպքում պահանջվել է հոսպիտալացում, իսկ երկու դեպքում՝ վերակենդանացման բաժին են տեղափոխվել», - հայտարարել է Գամկրելիձեն առցանց բրիֆինգի ժամանակ։
Ընդ որում, Վրաստանի ԱՆ-ն չի հայտնել, թե երկրում կիրառվող երկու պատվաստանյութերից որից է առաջացել կողմնակի ազդեցությունը։