Անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոսկեհատ գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդու կողմից Արարատի մարզի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես քննությամբ հիմնավորվել է, որ Ոսկեհատ գյուղի բնակիչը 2020թ. հուլիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի սրճարաններից մեկում նախկինում ունեցած անձնական հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակչի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող միակողմանի սուրսայր եւ երկկողմանի սուր եզր ունեցող դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ գոտկային շրջանին՝ պատճառելով ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի, փայծաղի վնասվածքի եւ սուր ներքին արյունահոսության ձեւով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ոսկեհատ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: