Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. կատարվել է մանուկների օրհնության կարգ
Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Տերունական տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:
Այս առիթով Առավոտյան ժամերգության ավարտին, Սուրբ Գայանե վանքի շրջափակում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Վերջում հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:
Բերկրառատ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: