Թուրքական դատախազությունն Էրդողանին վիրավորելու համար պահանջում է 1-4 տարով ազատազրկել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի 4 աշխատակցի
Անկարայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել ընդդեմ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ վիրավորական հրապարակման հետ առնչություն ունեցող 4 անձի: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Մեղադրանքներ են առաջադրվել ամսագրի խմբագիրներ Ժերար Բիարի, Ժուլիեն Սերինյակի և Լորան Սուրիսոյի, ինչպես նաև ծաղրանկարիչ Էլիս Պետիի նկատմամբ:
Դատախազությունը պահանջում է նշված անձանց դատապարտել 1-ից 4 տարի ազատազրկման:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Էրդողանի ծաղրանկարի հրապարակումը ամսագրի 2020 թվականի հոկտեմբերի 28-ի համարում, ներառվում է պետության ղեկավարին վիրավորող հոդվածի տակ:
Ըստ Թուրքիայի քրեական օրենսգրքի, եթե որևէ հանցագործություն են կատարել Թուրքիայի քաղաքացիները կամ օտարերկրացիները Թուրքիայի սահմաններից դուրս, որը վերաբերում է Թուրքիայի քաղաքացուն կամ Թուրքիային, ապա պետք է կիրառվեն Թուրքիայի օրենքները, հիշեցնում է Անկարայի դատախազությունը: