Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց աշխարհաքաղաքական իր նշանակությունը և ընկալվում է որպես թերի ենթակառուցվածքներով ու փոքր բնակչությամբ տարածք. Բենիամին Պողոսյան
Tert.am-ը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ զրուցել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Ըստ նրա՝ Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանը, որպես պետություն, կորցրեց այն փոքր աշխարհաքաղաքական նշանակությունը, որ ուներ։
«Հիմա Հայաստանն ունի գրեթե զրոյական աշխարհաքաղաքական նշանակություն տարածաշրջանում ներգրավված տարբեր խաղացողների համար։ Իսկ դա նշանակում է, որ մեզնով առանձնապես հետաքրքրված չեն, և առաջիկայում չեն էլ հետաքրքրվի, և մենք ընկալվում ենք որպես թերի ենթակառուցվածներով և շատ փոքր բնակչությամբ տարածք»,- ասում է նա։
-Պարո՛ն Պողոսյան, Արցախյան պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ համաձայնագրի կետերից ամենաքննարկվողը ճանապարհների ապաշրջափակման հարցն է։ Հայաստանյան իշխանությունները դա ներկայացնում են որպես մեր ձեռքբերում։ Իրականում ի՞նչ կտա մեզ այս կետի իրականացումը։
-Ասել, որ դա պատերազմից հետո մեր ձեռքբերումն է, առնվազն անտրամաբանական է, որովհետև եթե կոմունիկացիաների ապաշրջափակումը այն պայմաններով, որ քննարկվում է, ձեռնտու է մեզ, ապա ինչու՞ դրա մասին քննարկումներ տեղի չէին ունենում 2020 թ. սեպտեմբերի 27-ից առաջ։ Եվ եթե այդ կետի իրականացումը առանց արցախյան հակամարտությունում 1994 թ. ձևավորված ստատուս քվոյի փոփոխության ձեռնտու էր նաև Ադրբեջանին, ապա այդ հարցը կարելի էր շատ հանգիստ Ադրբեջանի հետ քննարկել նախքան սեպտեմբերի 27-ը։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը միշտ էլ դեմ է եղել ցանկացած շփումների։ Ես հիշում եմ, որ նույնիսկ 10-15 տարի առաջ քննարկվում էր Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցը, իսկ Ադրբեջանը միշտ ասում էր, որ բոլոր նման հարցերը կարելի է քննարկել միայն Արցախի՝ Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուց հետո։
-Լավ հասկանալով իրականությունը՝ ինչու՞ ենք մենք այդ հարցը որպես ձեռքբերում ներկայացնում։ Իշխանությունները այդպես փորձու՞մ են իրենց դեմքը փրկել, «ֆեյս-սեյվինգ» են անում։
-Մենք պետք է մի բան ընդունենք. հասարակության մի որոշ մասի համար (իհարկե, ոչ ոք չի կարող ասել նրանց կոնկրետ քանակը-Բ. Պ.) առաջնային նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական հարցերը, այլ ոչ թե Արցախի պատկանելությունը, թե այնտեղ ովքեր կապրեն, Արցախում եկեղեցիներ են քանդվում, թե՝ կառուցվում։ Շատերիս համար նման երևույթը տարօրինակ է, բայց պետք է ընդունենք, որ մեր հասարակությունում կան մարդիկ, որոնց համար իրենց սոցիալական բարօրությունը շատ ավելի կարևոր է, քան Արցախի, վախենամ նաև՝ Հայաստանի որոշ տարածքների պատկանելության հարցը։
Հետևաբար հասարակության այս հատվածի համար իշխանությունները որոշակի ազդակներ են ուղարկում, թե «տեսեք, դուք ունեք ձեր սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն, և ավելին, կառավարության ձեռնարկած քայլերը կբերեն նրան, որ եթե ոչ անմիջապես, ապա մի քանի տարի հետո ձեր կյանքը կբարելավվի»։ Սա արվում է հատկապես նոյեմբերի 10-ից հետո, երբ արդեն փաստ էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են։ Հստակ ուղերձ կա, որ եթե հասարակությունը ցանկանում է, որ իր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը դառնա իրականություն, կյանքի որակը բարձրանա և այլն, պետք է ամեն ինչ անի, որ ներկա կառավարությունը շարունակի մնալ, վերընտրվի հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններում։ Ներկա կառավարությունը հասկացնում է, որ եթե իրենք են ստորագրել հայտարարությունը, ապա իրենք էլ պետք է իրականացնեն այն։ Եթե մնա ներկա կառավարությունը, ապա բոլոր գրավոր, և ենթադրյալ բանավոր պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու։
-Հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի զարգացման հարցում. նրանք տարիներ ի վեր չեն ցանկացել, որ մենք տնտեսապես հզորանանք։ Ինչու՞ պետք է հիմա թողնեն։
-Մենք պետք է երկու բան տարբերակենք. Հայաստանում բնակվող միջին վիճակագրական քաղաքացու կենսամակարդակի բարձացումն ու Հայաստանի տնտեսական հզորացումը բացարձակ նույն բանը չեն, և մեկը մյուսից ուղղակիորեն չեն էլ բխում։ Այսինքն՝ եթե լինի կոմունիկացիաների ապաշրջափակում, և այստեղ Թուրքիայից և Ադրբեջանից հոսեն ներդրումներ, ապա դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի տնտեսական անվտանգությանը, որովհետև մենք տնտեսական կախվածության մեջ կհայտնվենք մեր թշնամիներից։ Ինչ-որ տեղ այդ իրավիճակը կարող եք համեմատության մեջ դնել մեր հարևան Վրաստանում կատարվողի հետ, բայց այստեղ տարբերությունն այն է, որ Վրաստանը իր բոլոր ռազմավարական փաստաթղթերում Թուրքիային և Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը։ Մեր պարագայում կստացվի՝ մեր թշնամիներից տնտեսական կախվածության առաջացում, որը հետագայում անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ազդեցության։ Հետևաբար՝ դա Հայաստանի տնտեսության հզորացում չի նշանակում։
-Գուցե այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հենց դա է՝ Հայաստանին տնտեսական կախվածության մեջ դնելը իրենցից։
-Միանշանակ նրանք շահագրգռված են, որ Հայաստանում ունենան տնտեսական ազդեցություն, որովհետև բոլորն են հասկանում՝ դա կբերի նաև քաղաքական ազդեցության։ Այսինքն՝ եթե այստեղ x թվով թուրքական ընկերություններ գործեն, որտեղ աշխատեն հազարավոր մարդիկ, պարզ է, որ եթե հայ-թուրքական հարաբերություններում լարվածություն առաջանա, և այդ մարդիկ «մեսիջներ» ստանան, որ պետք է դուրս գալ փողոց, բողոքել կառավարութան այս կամ այն որոշման դեմ, ապա որոշները գուցե և դուրս գան։ Իսկ Հայաստանի նկատմամբ նախ տնտեսական, հետո քաղաքական ազդեցություն ձեռք բերելը Ադրբեջանին և Թուրքիային շատ ձեռնտու է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: