Եվրախորհրդի ներկայացուցիչը Վրաստան կվերադառնա երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ Վրաստանի հարցով ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան՝ երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդական առաքելության համար: Այս մասին Եվրախորհրդի ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ամփոփել ենք Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանում արձանագրված առաջընթացի արդյունքները։ Եկել է Վրաստանի քաղաքացիների շահերի համար անհրաժեշտ փոխզիջումներ ձեռնարկելու ժամանակը։ Ներկայացուցիչը (Քրիստիան Դանիելսոնը- Tert.am) կվերադառնա Վրաստան՝ միջնորդական առաքելությունը շարունակելու համար»,- գրել է Միշելը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրախորհրդի ղեկավարի որոշումը։
«Դա պարզ նշան է, որ ԵՄ-ն ոչ մի տեղ չի հեռանում» -Twitter-ում գրել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը կառավարությունը ղեկավարում էր 2019 թվականի սեպտեմբերից, վարչապետի պաշտոնը լքել է պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության և այդ հարցի շուրջ իր թիմի հետ տարաձայնությունների ֆոնին։
Մելիայի ձերբակալությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել, որը Վրաստանում սկսվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերին, քանի որ ընդդիմությունը չի ճանաչում աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունները և հրաժարվում է աշխատել խորհրդարանում:
Նախօրեին լրագրողների հետ զրույցի ժամանակ Գախարիան հայտարարել էր, որ չի հեռանում քաղաքականությունից։
«Առաջին հերթին ուզում եմ ձեզ ասել, որ չնայած բազմաթիվ ասեկոսեներին՝ ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ։ Ավելին, ես քաղաքականությունից էլ չեմ հեռանում։ Մենք գնում ենք ըստ պլանի, մեր օրակարգի, ինչը մեզ հնարավորություն կտա մոտ ժամանակներս ձեզ մանրամասն պատմել այդ ամենի մասին»,- ասել էր Գախարիան։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նախկին վարչապետը նոր քաղաքական կուսակցություն կստեղծի, որը կհակակշռի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը, սակայն վրացական ԶԼՄ-ներն ավելի վաղ բազմիցս հայտնել են, որ Գախարիան այս պահին զբաղված է իր թիմի ձևավորմամբ: