Երկրում ռեալ իշխանություն չկա, իսկ անիշխանությունը հղի է մեր պետականության կորստի ամենաիրական վտանգներով. Միքայել Մելքումյան
Ազգային ժողովի շրջափակման միտքն այն է որ, ժողովուրդը «Հայրենիքի փրկության շարժման» գլխավորությամբ պարտադրում է ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորներին, որ քննարկի մեկ հարց՝ ճգնաժամից դուրս գալու, ռազմական դրության հեռացման և հետո Փաշինյանի հրաժարականի հարցը, որը մենք նախաձեռնել էինք մեկ-երկու անգամ և քաղաքական մեծամասնությունը բոյկոտում էին. Դեմիրճյան պողոտայում լրագրողներին նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորն ասաց, որ գործընթացը քաղաքական է, չեն պատրաստվում գնալ հակասահմանադրական ճանապարհով, կամաց քայլերով հասունանալու է հրաժարականի պահանջը:
«Պետական կառավարման համակարգն այսօր կազմալուծված է, այս պայմաններում, որ ասենք, որևէ մեկը գնում աշխատում է, դա աբսուրդ կլինի: Բացի այդ, մենք ունենք պետական կառավարման համակարգ, որն ամենազրոյական արդյունավետությամբ էր աշխատում: Հայաստանում 3 տարիների ընթացքում ներդրումները կրճատվել են, ոչ մեկ չի ուզում ներդրում անել, որովհետև չկա մի օղակ, համակարգ, որ ասեն՝ Հայաստանը լավ երկիր է ներդրումների համար՝ ներդրում արա, եթե սկսում են ինչ-որ ծրագիր աջակցել, ասում են՝ ինչի՞ ես շահագրգռված դա անելու, այն բարեխիղճ աշխատողն էլ, որ շարունակում է աշխատել, ասում է՝ մի հատ քրեական գործ հարուցեք, ինչի՞ է շահագրգռված, որ այս ներդրումային ծրագիրը պետք է կատարվի, սա մեր պետական կառավարման համակարգի տիպիկ օրինակ է»:
Պատգամավորը նշեց, որ ընդդիմություն իր հետագա քայլերով պետք է ուժեղացնի հանրային ճնշումը, զուգահեռ մարզերում՝ տարբեր բնակավայրերում, գյուղերում շարունակվի հանրային ճնշման գործընթացը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության կողմից կոնկրետ քայլեր չեն արվում, Մելքումյանը նշեց, որ պետք է մի փոքր համբերել և արտահերթ ընտրություններ կլինեն, ընդգծելով, որ եթե արագ քայլեր անելը բերելու է հակադարձ ուժի կիրառման, դա նշանակում է, որ սխալվել ես:
«Բանակը մենակ Օնիկ Գասպարյանը չէ, ամբողջ շտաբը, կորպուսների հրամանատարներն ու հարյուրավոր հրամկազմը: Իր ուղերձի սկզբում նա հաստատեց, որ տեղի է ունեցել հակասահմանադրական գործընթաց և դիմել է վարչական դատարան: Հիշեցնեմ, որ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ է դիմել և նույնիսկ ազատման հրամանագրի պայմաններում, շարունակում է իր գործունեությունը: Այսօր երկրում ռեալ իշխանություն չկա, որովհետև եթե նման հզորագույն կառույցին չեն ենթարկվել, նշանակում է փոփոխություն է պետք, իսկ անիշխանության վիճակի շարունակումը հղի է մեր պետականության կորստի իրական վտանգներով»: