Փաշինյանը չի վերահսկում ո՛չ բանակը, ո՛չ ԱԱԾ-ի մի մասը, ո՛չ Երևանը, ո՛չ Սյունիքի մարզը, նա չունի նաև հանրային աջակցություն, զրկվել է իր երբեմնի հենարաններից. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Երեք օր շարունակ ամբողջ վարչական ռեսուրսը և հսկայական ֆինանս գործի դնելով՝ իշխանությունը մարտի 1-ի հանրահավաքին ընդամենը մոտ 15 հազար մարդ հավաքեց, դա վկայում է, որ վարչապետը հանրային աջակցության ռեսուրս չունի՝ ի տարբերություն 2018-ի հոկտեմբերի, երբ նա մարդկանց ուղղորդեց ԱԺ-ի շենքի վրա. Փաշինյանը չի կարողանում անգամ Սյունիք գնալ, Երևանի վարչական ռեսուրսն իրենը չէ, այսինքն՝ երկրի մի մասն այլևս նրան չի ենթարկվում, ԳՇ-ն և զորքերը պահանջում են նրա հրաժարականը, նրա հսկողության տակ չեն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ երեկ նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Դատախազությունը չեզոք դիրք է զբաղեցրել՝ տեսնելու, թե կշեռքի որ նժարն ավելի ծանր կլինի, ամեն դեպքում՝ մինչև պատերազմը այն անվերապահորեն ենթարկվում էր Փաշինյանին, այսօր մասնակիորեն է ենթարկվում, այլապես ԳՇ պետի դեմ արդեն քրեական գործ հարուցված կլիներ։ ԱԱԾ-ն ևս ամբողջապես նրա հսկողության տակ չէ։ Փաշինյանը որոշակիորեն վերահսկում է ոստիկանության վերնախավին և ԱԱԾ-ի մի մասին, նաև մարզպետներին։ Նա դեռևս միայն Գյումրի և Սյունիք է գնացել, մենք չգիտենք՝ այլ վայրերում նրան ինչպես կընդունեն»,- ասել է քաղտեխնոլոգը:
Ըստ Բադալյանի՝ Փաշինյանը զրկվել է իր հենարաններից, միայն ԱԺ-ի մեծամասնությունն է նրան ենթարկվում. «Եթե առաջ նա հեծանիվով էր գործի գնում, հիմա՝ հարյուրավոր ոստիկանների հսկողությամբ։ Հանրահավաքներով չէ, որ վարչապետին հնարավոր է հեռացնել, ճանապարհային քարտեզը նրան օրեցօր թուլացնելով, ստորացնելով հեռացնելն է, բանակն արդեն նրան չի ենթարկվում, մյուս ուժայինները տեսնում են դա։ Նա ոչ միայն չի կարողանում հեռացնել ԳՇ պետին, այլև ՊԲ-ից են միանում հայտարարությանը, բոլորը տեսնում են, որ թագավորը մերկ է և սկսում են չկատարել նրա հրամանները, որից հետո ընդդիմությունը մտնում է կառավարության շենք և ասում, որ վարչապետն այլ մեկն է»:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Փաշինյանը չի կարող հեռանալ, քանի որ գիտի՝ չունի անվտանգության երաշխիքներ, հազարավոր զոհերի համար պետք է պատասխան տա. «Նա հասկանում է, որ իշխանափոխությունից հետո իր և կնոջ նկատմամբ քրեաիրավական գործընթաց է սկսվելու, շատ հավանական է, որ դա լինի ցմահ ազատազրկում։ Փաշինյանը նահանջելու տեղ չունի, նա փնտրում է անվտանգության երաշխիքներ, բայց Հայաստանում նրան ոչ ոք չի կարող նման երաշխիք տալ։ Զոհերի ծնողներից ինչ-որ մեկը կարող է վրեժ լուծել նրանից, ոչ ոք չի կարող դա բացառել։ Նա զարգացման վեկտոր չունի, մտածում է հնարավորինս երկար մնալ այդ պաշտոնում»:
Քաղտեխնոլոգի պնդմամբ՝ բանակի հայտարարությունը մեկ օրվա բան չէր, սա ոչ թե Օնիկ Գասպարյանի, այլ ամբողջ բանակի խնդիրն է, չեն կարող տասնյակ գեներալներ մեկ ժամում նման բան ստորագրել: «Այս դիմադրությունում շահելու է նա, ով ունի ավելի շատ զորք, իսկ դա ԳՇ-ն է։ Վարչապետը կարող է հանրահավաքի ժամանակ հրամաններ տալ, մամուլի խոսնակի միջոցով ասել, թե Գասպարյանի լիազորությունները դադարեցվում են, բայց եթե Գասպարյանը չի հեռանում, վարչապետն ի՞նչ է անելու, ո՞վ է գնալու ԳՇ՝ Գասպարյանին ձերբակալելու։ Ուժային կառույցները, ԱԱԾ-ն տեսնում են՝ վարչապետը չի կարողանում փոխել իր դեմ դուրս եկած պաշտոնյային, այսինքն` թույլ է, իսկ թույլի կողքին չեն կանգնում»,- ամփոփել է Արմեն Բադալյանը: