Իրանը ԳՀՀԾ-ի հետ կապված որեւէ շփում չունի ԱՄՆ-ի հետ
Իրանը ԳՀՀԾ-ի կամ որեւէ այլ խնդրի շուրջ որեւէ շփում չունի ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը:
Մեկնաբանելով բանակցությունների վերաբերյալ Արեւմուտքի կողմից Իրանին դրական ազդակների վերաբերյալ որոշ լուրեր` նա ասել է. «Այն, ինչ տեղի է ունենում ԳՀՀԾ-ի հետ կապված, շատ նուրբ հարց է: Մենք սերտ շփումներ ենք ունեցել գործարքի մնացած կողմերի հետ: Իհարկե, ամերիկացիների հետ մենք երկխոսություն չենք ունեցել ԳՀՀԾ-ի շուրջ»,- պարզաբանել է նա:
Պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունների մասին հարցին, թե Իրանն աշխատում է իր միջուկային ծրագիրն ավելի վտանգավոր դարձնելու ուղղությամբ, Խաթիբզադեն նշել է, որ ԱՄՆ-ի` ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո Եվրոպան 11 որոշակի պարտավորություն է ստանձնել Իրանի նկատմամբ, որոնցից ոչ մեկը չի կատարվել: «Եվրոպան, ԱՄՆ-ի հետ միասին, չի կատարել իր պարտավորություններից շատերը հակաիրանական պատժամիջոցների վերացման մասով»:
Նա նաեւ շեշտել է, որ Իրանը սատարում է դիվանագիտությանը եւ դիվանագիտական լուծումներին: «Ամերիկացիները դեռ չեն արել առաջին քայլը, եւ անօրինական պատժամիջոցները չեն վերացվել նույնիսկ թղթի վրա»,- ասել է նա: