Իրանի ԱԳՆ-ն դրական է գնահատել Հռոմի պապի հանդիպումը շիաների առաջնորդի հետ Իրաքում
Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Իրաքի շիաների հոգեւոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի ալ-Սիստանիի հանդիպումը վկայում է կրոնների երկխոսության եւ դրանց մերձեցման մասին: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպումն Իրաքի հոգեւոր իշխանության հետ ցույց տվեց երկխոսությունը կրոնների միջեւ եւ դրանց մերձեցումը»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «Հռոմի պապի ուղեւորությունն Իրաք շատ կարեւոր էր»:
Նրա խոսքով` «ժողովրդի քաջության, իշխանությունների իմաստության եւ ծայրահեղականության եւ օտարերկրյա դավադրությունների դեմ պայքարում թափված արյան շնորհիվ այսօր [Իրաքը] անվտանգության այնպիսի մակարդակի է հասել, որ հնարավոր է դարձել այսպիսի կառուցողական այցեր իրականացնել»:
Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու` Իրաք այցելած առաջին ղեկավարն է դարձել: Մարտի 6-ին նա Իրաքում հանդիպել եւ բանակցություններ էր վարել շիաների հոգեւոր առաջնորդի հետ: Կողմերը քննարկել են հետապնդումները եւ խտրականությունները ժամանակակից աշխարհում, ինչպես նաեւ կրոնների երկխոսության կարեւորությունը դրանց վերացման համար: