Շվեյցարիայում այսուհետ կարգելվի հասարակական վայրերում նիկաբ կրելը
Շվեյցարիայի քաղաքացիները նախօրեին կայացած հանրաքվեում հավանություն են տվել հասարակական գրեթե բոլոր վայրերում նիկաբ, փարանջա և դեմքը թաքցնելու հնարավորություն ընձեռող այլ տեսակի հագուստն արգելելու մասին առաջարկին, հաղորդում է interfax.ru-ն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջարկին կողմ է քվեարկել քվեարկողների 51,2 տոկոսը: Այն հավանության է արժանացել երկրի մի շարք շրջաններում։
Արգելքը տարածվում է, մասնավորապես, մուսուլման կանանց գլխաշորերի վրա, որոնք ամբողջովին թաքցնում են դեմքը։
Արգելքի կողմնակիցների համոզմամբ՝ կանայք և տղամադրիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, իսկ նիկաբ և նմանատիպ հանդերձանք կրելը սահմանափակում է այդ իրավունքը: Կա նաև կարծիք, որ դեմքը ծածկող հանդերձանքի կրման արգելքը կամրապնդի անվտանգությունը՝ օգնելով դիմակայել հասարակական կարգը խախտող անձանց: Այս հարցում մեծ դեր է կատարում նաև ահաբեկչության դեմ պայքարը:
Արգելքի դեմ հանդես եկողները, իրենց հերթին, նշում են, որ նիկաբ կրելու արգելքը մուսուլման կանանցից շատերին կզրկի տանից դուրս գալու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունից, քանի որ արգելքը տարածվելու է ընդհանուր հասանելիության փողոցների և հրապարակների վրա ողջ երկրի տարածքում:
Շվեյցարական լրատվամիջոցները նշում են, որ երկրում բնակվում է մոտ 400 հազար մահմեդական։