Իսպանիայում վրացի նավաստիներին ձերբակալել են 3 տոննա կոկաին տեղափոխող լցանավը բռնագրավելուց հետո
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է վրացի չորս նավաստիների՝ երկրի հյուսիսարեւմտյան ափերի մոտ գտնվող Բիսկայան ծոցում 3 տոննա կոկաին տեղափոխող առեւտրային լցանավը բռնագրավելուց հետո: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ հղում անելով Քաղաքացիական գվարդիային եւ Իսպանիայի ազգային ոստիկանությանը:
Փետրվարի 23-ին տեղի ունեցած լայնածավալ գործողությունը Պոնտեւեդրա նահանգում տեղակայված մաքսանենգների գործունեության ամիսների հետաքննության արդյունք է:
Պալաուի Հանրապետության դրոշի ներքո նավարկող Nehir լցանավը բռնագրավել են Գալիցիայի ափերի մոտ: Նավը խուզարկելու համար այնտեղ է գործուղվել Ազգային ոստիկանության աբորդաժային խումբ, սակայն նավը հանկարծ սկսել է ջրի տակ անցնել: Իսպանական իշխանությունները պնդում են, որ անձնակազմի անդամները դիտավորյալ են խորտակել նավը՝ փորձելով ոչնչացնել ապացույցները եւ խուսափել քրեական հետապնդումից:
Աբորդաժային խումբը փրկել է լցանավի անձնակազմի ինը անդամներին, որոնք հետագայում բերման են ենթարկվել: Արդեն խորտակված նավի մեջ նրանք հայտնաբերել ու առգրավել են 3000 կիլոգրամ կոկաին: Եվրոպայում «սեւ շուկայում» թմրանյութերի մոտավոր արժեքը 180 միլիոն դոլար է, ինչը շատ ավելի բարձր է նավի արժեքից, նշում է The Maritime Executive-ը:
Բացի Վրաստանի չորս քաղաքացիներից, ձերբակալվել են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ:
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողներին հաստատել է վրացի նավաստիների ձերբակալման փաստը: Գերատեսչությունը հայտնել է, որ հյուպատոսական ծառայությունը կապի մեջ է ինչպես ձերբակալվածների փաստաբանների, այնպես էլ նրանց ընտանիքի անդամների հետ: Փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածների բոլոր իրավունքները պաշտպանված են, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: