Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կավելացնի բանակային ծառայության ժամկետը
Հունաստանը մայիսից կերկարացնի ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը՝ այն իննից հասցնելով տասներկու ամսվա` որպես, Թուրքիայի հետ լարվածության պայմաններում, զինված ուժերն ամրապնդելու ծրագրի մի մաս, հայտնում է ekathimerini.com-ը:
Այսպիսով բանակում ծառայության ժամկետը կհամապատասխանեցվի նավատորմի և օդուժի զորակոչիկների ծառայության տևողությանը:
Իննամսյա ժամկետն ուժի մեջ կմնա միայն բանակի այն զորակոչիկների համար, ովքեր կամավոր են միանում հատուկ նշանակության ծառայություններին կամ իրենց ծառայության ամբողջ ընթացքում ծառայություն են անցնում սահմանամերձ շրջաններում:
Անցյալ տարի Հունաստանը սկսել է ռազմական ոլորտի արդիականացման խոշոր ծրագիր իրականացնել, որում ներառված է նաև F-16 կործանիչների բազայի նորացումը, ինչպես նաև նոր սերնդի, ֆրանսիական արտադրության Rafale ինքնաթիռների ներկրումը։
Հունաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն ծովային սահմանների և օգտակար հանածոների իրավունքների շուրջ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի Արևելքում, ինչն անցյալ տարի տարածաշրջանում լարվածության առաջացման պատճառ էր դարձել: