Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել: Այս մասին այսօր`մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Մենք տեղեկացանք, որ նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով՝ Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պարտավոր եք կանգնել Սահմանդրության գլխին և մինչև երկուշաբթի դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ Հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», - հայտարարեց Սաղաթելյանը։
«Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով։ Եթե երկուշաբթի օրը գերագույն գլխավոր դավաճան սրիկան կրկին դիմի ապօրինությունների և փորձ անի հեռացնել Օնիկ Գասպարյանին, երեքշաբթի 17։00-ին կհավաքվենք այս հրապարակում և միասին կորոշենք այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարենք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։