Ամերիկյան ավելի քան 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ պետական հաստատությունները ենթարկվել են չինական «անսովոր ագրեսիվ» հաքերային հարձակման
Վերջին օրերին ամերիկյան առնվազն 30 հազար կազմակերպություն, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինները, հաքերային «անսովոր ագրեսիվ» հարձակման է ենթարկվել չինական կիբերհետախուզական արշավի հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում տալով համակարգչային անվտանգության մասնագետի հայտարարությանը:
Հաքերային հարձակումը հիմնված է վերջերս Microsoft Exchange ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված թերությունների վրա, որոնք հնարավորություն են տալիս գողանալ էլեկտրոնային փոստի գաղտնաբառն ու վնասել համակարգչային սերվերները ու հեռակա կարգով վերահսկողություն իրականացնել:
«Սա ակտիվ ապառնալիք է։ Մենք մտահոգված ենք, որ շատերն են տուժել», – նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքին։
Երեքշաբթի Microsoft ընկերության կողմից թերությունները նշելուց հետո հարձակումներն ավելի են ակտիվացել։
«Միացյալ Նահանգներում առնվազն 30 հազար կազմակերպություն՝ ներառյալ զգալի թվով փոքր բիզնեսներ, քաղաքներ և տեղական ինքնակառավարման մարմիններ, վերջին մի քանի օրվա ընթացքում ենթարկվել են հարձակման՝ «անսովոր և ագրեսիվ» չինական հաքերային խմբի կողմից», – նշել է համակարգչային անվտանգության մասնագետ Բրայան Կրեբսը։