Թուրքական ռազմանավերը կրկին կասկածվում են Լիբիա ապօրինի զենքի մատակարարման համար
Թուրքական ռազմանավը խանգարել է ՄԱԿ-ի կողմից Լիբիայի նկատմամբ կիրառված զենքի էմբարգոյի իրականացումը ստուգող ԵՄ ռազմածովային առաքելության աշխատանքները, հաղորդում է Ahval-ը:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը վետո է կիրառել ԵՄ ռազմածովային ուժերի «Իրինի» գործողության շրջանակներում Հունաստանի ռազմածովային ուժերի կողմից թուրքական գրանցում ունեցող երկու առևտրային նավեր որոնելու գործողության նկատմամբ. կասկածներ կան, որ այդ նավերով ապօրինի զենք է տեղափոխվել Լիբիա:
Ստուգման աշխատանքներին խոչընդոտելու դեպքերը տեղի են ունեցել անցյալ կիրակի և երկուշաբթի. երչկու նավն էլ Միջերկրական ծովում նավարկել է Թուրքիայի դրոշի ներքո:
Թուրքական կառավարությունը թույլ չի տալիս իր նավերում ստուգումներ իրականացնել ՝ վախենալով, որ «Իրինի» գործողությունը կարող է միակողմանի վնաս հասցնել ՄԱԿ-ի կողմից ճանաչված «Ազգային համաձայնության» կառավարությանը, որին Լիբիայի շարունակվող հակամարտության շրջանակներում աջակցում է Անկարան:
Թուրքիայի իշխանությունները համարում են, որ «Իրինի» գործողությունը կանխակալ է, քանի որ չի ստուգում լիբիացի գեներալ Խալիֆա Հաֆթարին զենքի մատակարարումները: Նրանք նաև մեղադրում են ԵՄ-ին կամայական և պատժիչ գործողությունների համար։
Թուրքիան ռազմական օգնություն է տրամադրում «Ազգային համաձայնության» կառավարությանը, իսկ ՄԱԿ–ն Անկարային մեղադրում է նավթով հարուստ երկրի նկատմամբ կիրառված զենքի էմբարգոն «պարբերաբար և երբեմն բացահայտորեն» խախտելու համար:
«Իրինի» գործողությունը նպատակ ունի կայունացնել Լիբիան և աջակցել ՄԱԿ-ի ղեկավարած քաղաքական խաղաղության գործընթացին, ինչպես նաև կանխել նավթի մաքսանենգությունը: