Բելառուսը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային
Բելառուսի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Լիտվա՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարությունը նշել է, որ իրենք ստիպված են եղել խնդրել Վիլնյուսին արտահանձնել քաղաքական գործչին՝ հայրենիքում «իշխանության կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործություններ» կատարելու համար։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Տիխանովսկայայի և այլ ընդդիմադիրների նկատմամբ՝ ծայրահեղական խմբավորում ստեղծելու դեպքի առթիվ: Դրանից առաջ վարույթներ էին հարուցվել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի գործունեության փաստի վերաբերյալ: Նախագահի նախկին թեկնածուն հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:
Մարտի 2-ին Լիտվայի իշխանությունները հրաժարվել էին նախապես արտահանձնել քաղաքական գործչին և հայտարարել, որ երբեք չեն արտահանձնի հայրենիքում ընդդիմական գործունեության համար հետապնդվող անձանց:
«Մինսկը դա լավ գիտի», - ասվում է Լիտվայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Նշենք՝ ավելի քան կես տարի Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով: Ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնվող ցուցարարների գործողությունները կոշտ ճնշվում են իրավապահ մարմինների կողմից: Տասնյակ հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել, շատերը խոսել են մեկուսարաններում իրականացվող խոշտանգումների և ծեծի մասին։
Արդեն իսկ չորս մարդ է զոհվել իրավապահների հետ բախումների հետևանքով։