ԱՄՆ-ում որսորդները 60 ժամում ավելի քան 200 գայլ են սպանել` առաջացնելով մարդկանց դժգոհությունը

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում որսորդների կողմից 60 ժամից էլ պակաս ժամանակահատվածում 216 գորշ գայլերի սպանությունը հասարակության և վայրի բնության կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ վրդովմունքի պատճառ է դարձել: Կենդանիների սպանության մակարդակը գերազանցել է նահանգի ողջ տարածքում քվոտայի (քանակական սահմանափակման,-խմբ.) ամսական սահմանը՝ ստիպելով տեղական իշխանություններին ժամանակացույցից շուտ ավարտել որսաշրջանը, գրում է rg.ru-ն։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, անցյալ շաբաթվա ընթացքում Վիսկոնսինում որսորդները սպանել են ընդհանուր առմամբ 216 գորշ գայլերի, որը շուրջ 82 տոկոսով ավելի է, քան իշխանությունների կողմից այս կենդանիների համար սահմանված քվոտան: Ըստ Milwaukee Journal Sentinel պարբերականի՝ գիշատիչների մեծ մասը սպանվել է որսորդների կողմից՝ որսորդական շների օգտագործմամբ։
Նշվում է՝ երկրի բնական ռեսուրսների վարչության պաշտոնյաներն արդեն իսկ տրամադրել են 1547 որսորդական թույլտվություն, այսինքն՝ միջին հաշվով ամեն 13 որսորդից մեկին թույլ է տրվել որս իրականացնել։ Միևնույն ժամանակ, պետական մարմինները լիցենզիա են տրամադրել ոչ ավելի, քան 200 գայլ սպանելու առնչությամբ՝ փորձելով կայունացնել կենդանիների թվաքանակը:
Նշենք՝ 1950-ականներին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում ոչնչացվել էր գորշ գայլերի մեծագույն խմբաքանակը՝ տարիներ շարունակ որսի՝ օրենսդրական դաշտում բացերի պատճառով: Ավելի ուշ 1973 թվականին ընդունված «Վտանգված կենդանատեսակների մասին» օրենքը որոշակիորեն օգնել էր վերականգնել գայլերի թվաքանակը։ Այս պաշտպանիչ միջոցառումների ներդրումից ի վեր՝ գորշ գայլեր են հայտնվել և տարածվել Վիսկոնսինի անտառային տարածքներում՝ այստեղ տեղափոխվելով Մինեսոտայի հյուսիսից:
Թվաքանակի ավելացումից ի վեր՝ Վիսկոնսինի պաշտոնյաները ձեռնամուխ են եղել որսորդության, ինչպես ծուղակների մի շարք եղանակների ստեղծման: Այդ միջոցառման շրջանակներում, 2012-ին սպանվել է 117 գայլ, 2013-ին՝ 257, 2014-ին՝ 154: 2014-ի դեկտեմբերին դաշնային դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ գորշ գայլը պետք է ցուցակագրվի որպես վտանգված: Այնուամենայնիվ, 2020 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վտանգված կենդանիների մասին ցուցակից հանել էր գորշ գայլին։