SpaceX-ի Starship նավի նախատիպը վայրէջքից հետո պայթել է. Իլոն Մասկը հույսը չի կորցնում

SpaceX ընկերության Starship նավի նախատիպը, որ մշակվում է հեռավոր տիեզերական թռիչքների համար եւ արձակվել էր Տեխասի Կամերոն շրջանի հարթակից, պայթել է վայրէջքից հետո մի քանի րոպե անց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռարձակման մեջ հաղորդվում է, որ պատահարը տեղի է ունեցել «հրթիռային վառելիքի ավելցուկի» պատճառով:
Դրանից առաջ փորձնական թռիչքի ժամանակ SN10 նախատիպը օդ էր բարձրացել մոտ 10 կմ, կատարել էր շրջադարձ, վերահսկվող իջեցում, երկրորդ անգամ շարժիչները գործարկել էր վայրէջքից առաջ եւ հաջողությամբ վայրէջք էր կատարել:
Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը Starship նավերի նախատիպերի հետագա հաջողության հույս է հայտնել, չնայած անընդմեջ երրորդ պայթյունին:
«SpaceX-ի թիմն ահռելի աշխատանք է կատարում: Մի օր հաջողության իսկական չափանիշ կլինի այն, որ Starship-ի թռիչքները կդառնան սովորական երեւույթ»,- ձեռնարկատերն այսպես է պատասխանել իր գրառման տակ եղած մեկնաբանություններին: