Մեր երկիրը «հանգիստ» գահավիժում է դեպի տնտեսական և սոցիալական անդունդ, մենք օրական կորցնում ենք 5-7 միլիոն դոլար. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Հայաստանում տնտեսական և սոցիալական ակնհայտ անկում է, իսկ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Վերջին ժամանակաշրջանում մենք խոսում էինք հետպատերազմյան իրավիճակի, ճգնաժամի և այլ խնդիրների մասին, բայց մեր երկիրը «հանգիստ» գահավիժում է դեպի տնտեսական և սոցիալական անդունդ»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա նաև ընդգծեց՝ Հայաստանը 5-7 միլիոն դոլար համախառն արդյունք է կորցնում, և ակնհայտորեն մարդիկ աղքատանում են:
«Բոլոր ոլորտներում մենք ունենք երկնիշ տնտեսական անկում: Կա քաղաքական ճգնաժամ, կա տոտալ ճգնաժամ և բիզնես ծրագրերը չեն իրականացվում, մարդիկ սպասողական կարգավիճակում են: Մարդիկ աղքատանում են, աշխատավարձը չի աճում և 5-ից 7 միլիոն դոլար մենք օրական համախառն արդյունք ենք կորցնում»,- ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը նաև նշեց՝ պատճառը պետական կառավարման համակարգի ձախողումն է, միայն քրեական գործեր են հարուցում, իսկ մնացած հարցերով չեն զբաղվում:
«Պետական կառավարման համակարգի կառավարումը ձախողված է: Ամիսներ շարունակ շատ հարցեր չեն լուծվում, ամիսներ շարունակ ծրագրերից արձագանք չկա, և ասում են՝ ժամանակ կա, փորձաքննություն ենք անում, անցնում է ժամկետը, և ներդնողը հիասթափված ևս մեկ անգամ զանգահարում է, իսկ իրեն պատասխանում են՝ ինչո՞ւ ես շահագրգռված, կարո՞ղ է կոռուպցիա կա»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նա նաև ընդգծեց՝ բանկերը վերլուծում են տնտեսական կարգավիճակը, և վարկունակությունը կտրուկ գահավիժում է, իսկ եթե այսպես շարունակվի, կարգավիճակից դուրս գալը շատ բարդ է լինելու:
«Հայաստանի համախառն ներքին արդյունքը մոտավոր 12 միլիարդ դոլար է, եթե մենք հաշվենք օրական կորուստները, ապա կտեսնենք՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին մենք մեր համախառն ներքին արդյունքի 10 %-ը կորցրել ենք: Բանկերը վերլուծում են կարգավիճակը, և ակնհայտ կարող ենք տեսնել, որ սպառողական վարկերը կտրուկ իջել են, մեր վարկունակությունը կտրուկ գահավիժում է: Եթե այսպես շարունակվեց ևս մի քանի ամիս, մենք չենք կարող սրա տակից դուրս գալ»,- ընդգծեց նա: