Ռիսկային խմբերում ընդգրկված անձանց կորոնավիրուսի պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-15%-ը, սակայն պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի. նախարար
Այո, ես էլ եմ մասնակցել հանրահավաքին, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին միշտ լինել դիմակով. այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության արդյունքում է, որ ունենք վարակի աճ, իսկ իշխանության հանրահավաքներին դուք էլ եք մասնակցել:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին խորհուրդ տվե՞լ էր, որ հանրահավաքին ներկայանան դիմակով, Ավանեսյանը պատասխանեց, որ իր հորդորը ուղղված է բոլորին:
Նա նշեց, որ Կառավարության նիստին հանձնարարական է տրվել, որ Ոստիկանությունն աչալուրջ լինի և հնարավորության սահմաններում ապահովվի քաղաքացիների կարգապահությունը:
Ավանեսյանն ընդգծեց, որ եթե կրենք դիմակ, չենք անցնի խիստ միջոցների, պետք չէ սպասել պարտադրելուն, ինքներս կարգապահություն պետք է դրսևորենք. «Չհասնենք, նրան, որ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի, բայց եթե քաղաքացին օրենքով սահմանված պահանջը չկատարի, ապա պետք է կիրառվի նաև տուգանք»:
Հարցին, թե քանի՞ զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության, մի խումբ ծնողներ հայտարարել էին, որ այդ ԴՆԹ հետազոտությունները սխալ են լինում, նախարարը պատասխանեց. «Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում և փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որ սպասում են փորձաքննության, երկու, երեք բողոք է եղել, որ անհատական քննվել են պարզաբանվել և որևէ սխալի և անվստահության տեղ չի մնացել»:
Անդրադառնալով հարցին, թե Կառավարությունը Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսի համար է ներկրելու պատվաստանյութ, Ավանեսյանն ասաց, որ արդեն իսկ սահմանել ենք ռիսկային խմբերին, թե ովքեր առաջինը պետք է պատվաստվեն. «Մեր գնահատմամբ այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-ից 15 տոկոսը, սակայն կախված պատվաստանյութի գնից և մեր հնարավորություններից պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի, նախատեսում ենք մինչև տարվա վերջ իրականացնել»:
Նա նաև նշեց, որ ռուսական «Sputnik V» պատվաստանյութից բացի, նաև «AstraZeneca» պատվաստանյութն է ձեռք բերվելու: