«Կատաղի ռուսատյացություն». Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները
Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է «կատաղի ռուսատյացության» վրա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով` Բրյուսելը և Վաշինգտոնը ցանկանում են ուշադրությունը շեղել իրենց իսկ խնդիրներից: Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Իզվեստիան»:
«Սա մի տեսակ քվազի-դաշինք է ԵՄ-ի հետ, որի ետևում կատաղի, ինչպես սիրում են մեզ մոտ ասել, ռուսատյացությունից բացի ոչինչ չկա: Դաշինքները պետք է ուղղված լինեն կառուցողական, դրական հարցերի լուծմանը, այլ ոչ թե հողմաղացների հետ անվերջ պայքարին»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Միացյալ նահանգների խնդիրն է ստեղծել որոշակի պատկեր, որը թույլ կտա երկրին իրեն անվանել «քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկ»: Ըստ նրա, այս շղթայի լրացուցիչ տարրը բազմակողմանիությունն է, «որի համար այժմ պաշտպանում են ԱՄՆ-ին»`ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման գործում:
Դիվանագետը ընդգծել է, որ նման արշավների մասերից մեկը, որը ներառում է նաև հակառուսական նոր պատժամիջոցները, Վաշինգտոնի ցանկությունն է՝ «հայացք շեղել սեփական խնդիրներից»: Նման դիլեմաները, ըստ Զախարովայի, ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների հարցում:
«Եվրամիությունը չի կարողանում համաձայնության գալ միասնական մոտեցման շուրջ, թե արդյոք անհրաժեշտ է ներդնել պատվաստումների անձնագրեր, ինչպես նրանք կարող են համատեղվել մարդու իրավունքների, տեղաշարժի ազատության իրենց սեփական հայեցակարգի հետ»,-նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: