Իրաքում ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել. արձակվել է 10 հրթիռ
Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով INA տեղեկատվական գործակալությանը:
«10 հրթիռ է ընկել Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» բազայի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գործակալությունը, հղում տալով երկրի անվտանգության գործակալությունների մամուլի ծառայությանը, տեղեկացրել էր, որ 5 հրթիռ է արձակվել բազայի ուղղությամբ, իսկ հրթիռակոծության արդյունքում զոհեր չեն եղել:
«Այն ալ-Ասադ» բազան գտնվում է Բաղդադից 160 կիլոմետր դեպի հյուսիս: Անցյալ տարվա հունիսին Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը հայտնել էր, որ սա երկրում միակ բազան է, որտեղ մնացել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի զինված ուժերը` ԱՄՆ-ի գլխավորությամբ: