ԱՄՆ-ն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել Նավալնիի ենթադրյալ թունավորման պատճառով
Ամերիկայի Միացյալ Նահագների առևտրի նախարարությունը հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 14 կազմակերպությունների, այդ թվում՝ 10 ռուսական, 3 գերմանական և 1 շվեյցարական, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան պաշտոնատար 7 անձանց նկատմամբ, որոնք գործել են ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին հակառակ։
Միևնույն ժամանակ ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների թվում է ՌԴ պաշտպանության նախարարության 27-րդ գիտական կենտրոնը։
ԱՄՆ գերատեսչության պնդմամբ՝ այս բոլոր ընկերությունները ինչ-որ կերպ մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի ռուսական ծրագրերին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ն ակնկալում է գործել երկու գործադիր հրամաններով՝ համար 13661-ով, որը տրվել է Ռուսաստանի կողմից Ղրիմ ներխուժելուց հետո և լայն լիազորություններ է սահմանում ռուսաստանցի պաշտոնյաներին թիրախավորելու համար, և 13382-ով, որը ստորագրվել է 2005 թվականին՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարելու նպատակով:
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել այն իրական դատավճռով, այն է՝ 3,5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին` Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց:
Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ գործող իշխանությունները: