Մի շփոթեք անկարողությունը թավիշի հետ, եթե չեք կարող ձեր բարձրաձայնած խոսքն ապացուցել, դա անկարողություն է. Սոֆյա Հովսեփյանը՝ իշխանության հայտարարությունների մասին
Մի շփոթեք անկարողությունը թավիշի հետ, եթե չեք կարող ձեր բարձրաձայնած խոսքն ապացուցել, դա անկարողություն է, չունեք համապատասխան մարմիններ գործողություններ անելու համար, և այս անկարողությունը պետք չէ շփոթել թավիշի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Պողոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին հնչած հայտարարություններին։
Նա նաև մեկնաբանեց իր՝ խմբակցությունից դուրս գալու որոշումը՝ նշելով, որ դուրս է եկել, երբ տեսել է հստակ շեղում ընտրած ճանապարհից, իսկ ժողովուրդը նրան՝ որպես քաղաքական գործիչ, վաղուց է ճանաչում:
«Ժողովուրդն ինձ ընտրել է՝ որպես Սոֆյա Հովսեփյան, և վաղուց ինձ ճանաչում եմ իմ հազարավոր գործերով, բայց եթե չլիներ «Իմ քայլը», այլ կուսակցության կողմից չէի առաջադրվելու: Այն կուսակցության հետ եմ դրել թեկնածությունս, ում հետ կարողացել եմ ճանապարհ գնալ, բայց, երբ տեսել եմ՝ նրանք շեղվում են ճանապարհից, ես հարմար եմ գտել լինել անկախ պատգամավոր և գործել իմ խղճի համաձայն»,- ասաց պատգամավորը:
Նա նաև կոչով հանդես եկավ՝ նշելով, որ խմբակցությունից դուրս գալը եղել է նրա իրավունքը, և բոլորը պարտավոր են այն հարգել:
«Հորդորում եմ Ալեն Սիմոնյանին՝ որպես ԱԺ փոխխոսնակ, հարգել յուրաքանչյուր պատգամավորի կոչը, և ես ոչ թե պառակտել եմ խմբակցությունը, այլ իրավունքի ուժով դուրս եմ եկել խմբակցությունից, և դա իմ իրավունքն է, և նրանք պարտավոր են հարգել այդ իրավունքը»,- ասաց Հովսեփյանը:
Պատգամավորը նաև հաստատեց, որ իշխանությունն օգտագործել է վարչական ռեսուրսը և մարզերից քաղաքացիներին բերել Հրապարակ:
«Շատ արձագանքներ եղան մարզերից, և փաստացի կազմակերպել են իրենց հանրահավաքը, և ես ստացել եմ ահազանգեր, որ իրենց հորդորում են՝ գնալ Հրապարակ: Շատերը եկան, շատերը նաև հրաժարվեցին գալուց, եթե այսօրվա իշխանությունը մերժում էր մի վարքագիծ, ապա այսօր այդ նույն վարքագծով է շարժվում, և մենք գնում ենք զրոյական կետի»,- ասաց Հովսեփյանը:
Սոֆյա Հովսեփյանը հորդորեց Հայաստանի 4 ղեկավարներին՝ կա՛մ լքել քաղաքական դաշտը և թույլ տալ նոր դեմքերին փրկել իրավիճակը, կա՛մ համախմբվել և դուրս հանել երկիրն այն իրավիճակից, որին հենց նրանք են հասցրել:
Նա նաև անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի, եթե նա լիներ իշխանության կազմում, ապա գերիների հարցը լուծված էր մի քանի օրում:
«Ես, լինելով անկախ պատգամավոր և իշխանության կողմից չունենալով որևէ լիազորություն, օգտվում եմ բոլոր հնարավոր տարբերակներից և փորձում եմ կարգավորել գերիների հարցը, Վանեցյանը կարող է իշխանությունից լիազորություն պահանջել և տվյալ հարցը լուծել, և եթե զուտ լծակների մասին է խոսքը, կարծում եմ՝ իշխանությունը նրան կտա այդ լծակները»,- ասաց Հովսեփյանը: