2022 թվականից ոչ շուտ. Բիլ Գեյթսն ասել է` երբ է համավարակն ավարտվելու
Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսային համավարակը կավարտվի 2022 թվականից ոչ շուտ: Այս մասին Գեյթսը խոսել է CNN-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա` համավարակի կանխման ներկայիս միջոցառումները բավարար չեն: Այնուամենայնիվ, Գեյթսը «հրաշք» է համարել այն, որ աշխարհում այդքան արագ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր են ստեղծվել և պատվաստումների զանգվածային արշավներ են սկսվել:
«Կարծում եմ, որ աշնանը ԱՄՆ-ն կկարողանա վերադառնալ նախակորոնավիրուսային մոտ իրավիճակին, սակայն վիրուսը հաղթահարելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ներդրում կատարել կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարում և տարածել պատվաստանյութը», – նշել է Գեյթսը և շեշտել, որ այժմ պատվաստանյութը հիմնականում հարուստ երկրներն են ստանում, և իր հիմնադրամը մտահոգված է այս խնդրով:
Ձեռնարկատիրոջ խոսքով՝ վիրուսի նոր շտամների ի հայտ գալը և վերաակտիվացումը կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդկությունն ստիպված լինի այդ հիվանդության դեմ պայքարել նաև 2022 թվականին: Վիրուսը հնարավորինս շուտ հաղթահարելու համար ձեռնարկված միջոցները պետք է առավել արդյունավետ լինեն:
Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսային վարակի դեմ լիարժեք պաշտպանության համար կարող է պահանջվել պատվաստանյութի երրորդ դեղաչափը, որը կպայքարի վիրուսի մուտացիաների դեմ։
Ինչպես հաղորդվում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակն ավարտվելու է 2022 թվականի սկզբին: