Nissan-ի նախկին ղեկավարի փախուստը կազմակերպելու համար ամերիկացի վետերանը և որդին արտահանձվել են Ճապոնիային
Ճապոնիայի իշխանություններին են հանձվել ամերիկացի հայր և որդի, որոնք, ենթադրաբար, օգնել են Nissan ավտոարտադրող ընկերության նախկին ղեկավար Կառլոս Գոնին երկրից փախչել, գրում է BBC-ն:
ԱՄՆ երկու քաղաքացիներին դեռևս անցյալ տարի մեղադրանք էր առաջադրվել Գոնին Ճապոնիայից փախչելու հարցում օգնելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ ընկերության ղեկավարին այդ հաջողվել էր լքել երկիրը` թաքնվելով մասնավոր ինքնաթիռում արկղի մեջ: Նա թռել էր Լիբանան, որը Ճապոնիայի հետ արտահանձնման պայմանագիր չունի:
Մայքլ Թեյլորը և նրա որդին՝ Փիթեր Թեյլորը, մի քանի ամիս փորձել են արտահանձնումից խուսափել, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: Տղամարդիկ մայիսին ձերբակալվելուց ի վեր գտնվում էին Բոստոնի արվարձանային բանտում:
Արտահանձնումը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան: Դատախազները հայտնել են, որ ընտանիքի անդամներն ավելի քան 1.3 մլն ԱՄՆ դոլար են ստացել Գոնին 2019 թվականի դեկտեմբերի 29-ին ցուցաբերած օգնության համար:
Vanity Fair-ի տեղեկություններով՝ 60-ամյա Մայքլ Թեյլորը մասնավոր անվտանգության մասնագետ է և ամերիկյան բանակի հատուկջոկատայինների վետերան: Նախկինում նա ղեկավարել է Ամերիկյան միջազգային անվտանգության կորպորացիան:
Ըստ Vanity Fair-ի՝ նա ավարտին է հասցրել գրեթե երկու տասնյակ փախուստի գործողություններ՝ հաճախորդներից գանձելով 20 000-ից մինչև 2 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների՝ Գոնի փախուստը Տոկիոյից Բեյրութ մանրակրկիտ ծրագրված է եղել մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում:
Հիշեցնենք՝ Nissan-ի նախկին գործադիրն առաջին անգամ ձերբակալվել էր ֆինանսական չարաշահումների մեղադրանքով՝ 2018-ի նոյեմբերին: Դրան հաջորդել էին մի շարք այլ մեղադրանքներ, այդ թվում՝ ընկերության մեղադրանքն առ այն, որ նա Nissan-ի գումարներն ուղղել էր սեփական հարստացման համար:
Միլիոնատերը ամիսներ է անցկացրել բանտում և տնային կալանքի տակ, որտեղ նրա նկատմամբ իրականացվել է 24-ժամյա հսկողություն: