Ֆինլանդիան կրկին արտակարգ դրություն է հայտարարել համավարակի պատճառով
Ֆինլանդիայի իշխանությունները վերականգնել են արտակարգ դրությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արտակարգ դրությունը հայտարարվում է այն նույն հիմքով, ինչ եւ մեկ տարի առաջ»,- ասել է նա:
Կառավարությունը նաեւ ռեստորանները փակելու առաջարկ է ներկայացրել խորհրդարան, որը կվերաբերի համավարակի արագացման եւ կորոնավիրուսի տարածման փուլում գտնվող մարզերին: Այն վերանայելու համար մի քանի օր կպահանջվի:
Մարինն ասել է, որ կառավարության զինանոցում իրավիճակի լուրջ վատթարացման դեպքում այնպիսի միջոց կա, ինչպիսին պարետային ժամն է: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ մարտի 8-ից 28-ը երկրում լոքդաուն է հայտարարվում:
Ֆինլանդիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը աճել է 392-ով եւ երկուշաբթի հասել 58 064-ի: Երկրում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 742 մարդ: Ավելի քան 3 միլիոն բնակիչ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Բացի այդ, հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամներով վարակման 1232 դեպք:
2020-ի մարտի 19-ից մայիսի 13-ը Ֆինլանդիան փակել էր սահմանները` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Սեպտեմբերի 19-ից սկսած երկիրը թույլատրել էր առանց ինքնամեկուսացման անհրաժեշտության մուտքը այն պետությունների քաղաքացիների համար, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի թիվը չի գերազանցել 25-ը 100 հազար բնակչի հաշվով: Ռուսաստանի Դաշնության հետ Ֆինլանդիայի սահմանը զբոսաշրջիկների համար փակ կմնա առնվազն մինչեւ մարտի 18-ը: