Արհեստական բանականությունն առաջին անգամ պիես է գրել
Արհեստական բանականության GPT-2 համակարգը հետազոտողների ղեկավարությամբ պիես է ստեղծել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Sciencemag հրատարակությանը:
GPT-2-ը մշակվել է Իլոն Մասկի OpenAI ընկերության կողմից, դա համակարգչային մոդել է, որը տեքստ է գեներացնում՝ զտելով համացանցում առկա տեղեկատվությունը: Նախկինում տեխնոլոգիան օգտագործվում էր պատմություններ և բանաստեղծություններ գրելու համար:
Պիես ստեղծելու գործընթացը սկսելու համար հետազոտողները ծրագրի մեջ մտցրել են հուշում՝ երկու նախադասության տեսքով երկխոսություն: Արհեստական բանականությունն այնուհետև հաշվի առնելով հուշման տվյալները ստեղծել է մինչև 1000 բառ լրացուցիչ տեքստ: Գիտնականները նշում են, որ երբեմն ստիպված էին միջամտել, երբ հայտնվում էին տրամաբանական կամ փաստացի անհամապատասխանություններ:
«Դա պայմանավորված է նրանով, որ ծրագիրն իրականում չգիտի նախադասությունների իմաստը, այն պարզապես իրար է միացնում հաջորդող բառերը, որոնք, հավանաբար, կարող են օգտագործվել միասին»,-նշել է Կոլումբիայի համալսարանի արհեստական ինտելեկտի փորձագետ Չադ Դե Չանը:
Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ GPT-2-ի վերջնական սցենարի 90 տոկոսը մնացել է անձեռնմխելի, մարդը ստիպված է եղել ուղղել տեքստի միայն 10 տոկոսը: