Շվեդիայում տղամարդկանց խտրականություն են հայտնաբերել այն մասնագիտություններում, որոնք ավանդաբար կանայք են զբաղեցնում
Շվեդական հետազոտական խորհրդի պատվերով եւ Լինչեպինգի ու Կալիֆոռնիայի համալսարանների համատեղ անցկացրած ուսումնասիրությունը տղամարդկանց նկատմամբ խտրականություն է հայտնաբերել շատ մասնագիտություններում, որտեղ սովորաբար կանայք են գերակշռում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինակ՝ տղամարդկանց մեծ մասը, ովքեր դիմել են հավաքարարի թափուր տեղերի համար, նույնիսկ չեն հասել հարցազրույցի փուլ:
Փորձի ընթացքում գիտնականները Շվեդիայում ներկայացրել են աշխատանքի ընդունման ավելի քան 3000 շինծու դիմումներ: Յուրաքանչյուր դեպքում հաշվի է առնվել՝ արդյոք թեկնածուները պատասխան են ստացել, եւ եթե այո, ապա ինչպիսի:
Խտրականությունը բացահայտվել է բազմաթիվ մասնագիտություններում, որտեղ սովորաբար գերակշռում են կանայք: Տղամարդկանց համար շատ ավելի դժվար է եղել բուժեղբոր կամ մանկապարտեզի դաստիարակի աշխատանք ստանալ, բայց նրանց համար ամենադժվարը հավաքարարի պաշտոնի համար պայքարելն է եղել: Ընդ որում, ավանդաբար տղամարդկանց մասնագիտություններում, ինչպիսիք են ավտոմեխանիկը, բեռնատարի վարորդը կամ պահեստի աշխատողը, կանանց նկատմամբ խտրականություն չի նկատվել:
Այն, որ տղամարդկանց հաճախ մերժում են «կանանց» որոշ մասնագիտություններում, հայտնի էր նաեւ նախկինում, բայց Գրանբերգի եւ նրա գործընկերների կողմից անցկացված հետազոտությունն ընդգրկել է մասնագիտությունների եւ մասնագիտացումների շատ ավելի լայն շրջանակ: